Հռոմի պապ Լևոն XIV-ը գովել է Փաշինյանին և Ալիևին՝ նրանց անվանելով «հույս ցանողներ»

Մարդկային եղբայրության համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում և մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի շնորհման առթիվ Հռոմի պապ Լևոն XIV-ը գովել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրանց անվանելով «հույս ցանողներ այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն», հայտնում է Vatican News-ը։

«Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության դժվար ուղին ընտրելով՝ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախորն արմատացած բաժանումները կարող են հաղթահարվել կոնկրետ գործողությունների միջոցով։ Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է գերակշռել եղբայրասպանության խավարին», – ասել է պապը դափնեկիրներին ուղղված իր ուղերձում։

Փետրվարի 4-ին Փաշինյանը և Ալիևը ստացել էին 2026 թվականի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը։ Աբու Դաբիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալով՝ Փաշինյանը նշել է, որ խորհրդանշական է համարում, որ երկու երկրների առաջնորդները միասին են ստացել մրցանակը՝ նշելով, որ «հակամարտության էջը փակվել է»։

Ադրբեջանի նախագահն իր հերթին ընդգծել էր, որ Երևանի և Բաքվի փորձը ցույց է տալիս խաղաղության հասնելու հնարավորությունը նույնիսկ երկարատև հակամարտություններից հետո, եթե կողմերը պատրաստ լինեն հրաժարվել պատերազմի տրամաբանությունից և շարժվել առաջ։ Այդ օրը ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը քննարկել էին TRIPP նախագծի և այլ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը հիմնադրվել է 2019 թվականին՝ ի պատիվ ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի, և շնորհվում է անհատներին և կազմակերպություններին խաղաղ համակեցության և մարդկային եղբայրության խթանման գործում ունեցած իրենց ներդրման համար։ Հիմնադրումից ի վեր մրցանակը ստացել է 15 երկրների 16 ներկայացուցիչ։

Leave a Comment