Հովհաննիսյան. ՄԱԿ-ի բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների

Հովհաննիսյան. ՄԱԿ-ի բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների

5 փետրվարի 2026 – 16:15 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցել է Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին, տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարություններով՝ կապված ՄԱԿ UN80 նախաձեռնության և մի շարք հանդիպումների հետ, այդ թվում՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենի հետ։

Հայաստանն ընդգծել է, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին:

Դեսպանի հայտարարություններում հատուկ ընդգծվել է UNDP-ի առանցքային դերը՝ համապարփակ ու ճկուն զարգացման լուծումների մշակման գործում, հատկապես այն երկրների համար, որոնք դասվում են հատուկ իրավիճակում գտնվող կամ միջին եկամուտ ունեցող երկրների շարքը։

Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի գործունեությանը, մասնավորապես՝ հումանիտար և զարգացման համատեքստում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Շեշտվել է UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում։

Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը առաջիկա տարիներին ակտիվորեն ներգրավվելու Գործադիր խորհրդի աշխատանքներում՝ նպաստելով կառուցողական և նպատակային քննարկումներին։

Leave a Comment