5 փետրվարի 2026 – 16:52 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ:
Նա ասել է, որ հայ հանրությունը երբեմն շատ սուր է արձագանքում Մոսկվայից հնչող որոշ հայտարարություններին, քանի որ ՌԴ-ն կարևոր է ՀՀ համար: Նա ասել է, որ նման հայտարարությունները մտահոգում են հայ հանրությանը և որ այդ հարցը քննարկել է նաև ՌԴ դեսպանի հետ:
«Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան, նրա կարծիքը կարևոր են, և կա այն ընկալումը, որ Մոսկվան դաշնակից է, այդպես եղել է և այդպես մնում է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, գրում է ՌԲԿ-ն:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, թե պետք է դուրս գանք: Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին լուծում գտնել, որը շահավետ կլինի երկու կողմերին»,-ասել է նա:
Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ՌԴ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մոսկվան ձեզ համար շարունակում է մնալ հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում այդ կարգավիճակին, ցանկանում ենք հնարավոր բոլոր եղանակներով խորացնել այս համագործակցությունը, խթանել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, նախաձեռնություններ՝ հաշվի առնելով այն փորձը, որն արդեն առկա է և արտացոլված է Հայաստանի տնտեսության կառուցվածքներում», — ասել է նա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում։
Սիմոնյանը Մոսկվա մեկնելուց առաջ նաև պատասխանել էր այն հարցին, թե հնարավոր է, որ ռուս պաշտոնյաների հետ քննարկումների ընթացքում Սիմոնյանը շոշափի նաև ՌԴ կողմից Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների հարցը՝ որի մասին նախկինում հրապարակայնորեն արտահայտվել է:
«Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ ինձ համար, մեր թիմի համար, այդպիսի հարց չկա, որը որ մենք չենք քննարկի, եթե դրա մասին խոսում ենք։ Տիկին Մատվիենկոն երբ որ այստեղ է եղել, բնական է, ես ասել եմ։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները ասել եմ։ Դեսպանն ԱԳՆ հրավիրվել է, և դրա հետ կապված իրեն ամեն ինչ ասվել է։ Եթե դրա առիթը լինի, եթե դրա կարիքը լինի, ես չեմ կարծում, որ կրկնում եմ, որևիցե մեկի մոտ կասկած կա, որովհետև թե բարձր ասում ենք, հիմա ես ձեր եթերում ասում եմ կամ Ազգային ժողովի ամբիոնից ասում եմ»,-նշել է ԱԺ նախագահը: