Դավադրապաշտական տեսությունների կողմնակից չեմ․ Դիանա Գասպարյանը չի ցանկացել մեկնաբանել իր դեմ քրեական գործի պատճառները

Վաղարշապատի (Էջմիածին) նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը լրագրողների հետ կարճ զրույցում չի ցանկացել մեկնաբանել իր ու ընտանիքի դեմ քրեական գործերը։ Նա հերքել է իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսակցության հայտնի ձայնագրության ու դատական գործընթացի կապը:

«Ես դավադրապաշտական տեսությունների կողմնակից չեմ, առնվազն՝ նման ենթադրություն անելու համար որևէ հիմք կամ պատճառ չունեմ»,- նշել է նա։

Նախկին քաղաքապետն ասել է, որ ինքն էլ ունի հանրությանը հայտնելու շատ բաներ, սակայն մի քանի դատական նիստ է հարկավոր, որպեսզի տեղեկություն ունենա։

«Խոստացված մամուլի ասուլիսը կլինի, պարզապես մի քանի դատական նիստի ընթացքում որոշ բաներ պետք է պարզվեին, նոր ասուլիսը կհրավիրվի։ Բոլոր հարցերին հանգամանալից կպատասխանեմ, ես էլ շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու»,- հայտարարել է նա։

Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Գլխավոր դատախազությունից հուլիսի 26-ին Armenia Today-ին հաստատել էին, որ Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով վարույթ է նախաձեռնվել։

Դեկտեմբերի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Գասպարյանն ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց հետ համայնքապատկան հողերը ձևական աճուրդների և ուղղակի վաճառքների միջոցով ձեռք է բերել բազմակի անգամ շուկայականից ցածր գներով։

Leave a Comment