Թանդիլյանը՝ Բաքվում գերիների դատավճիռների մասին․ ՀՀ իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն

Թանդիլյանը՝ Բաքվում գերիների դատավճիռների մասին․ ՀՀ իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն

5 փետրվարի 2026 – 17:38 AMT

PanARMENIAN.Net – «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավճիռներին, նշել է, որ դրանք զուրկ են իրավական ուժից և ուղղված են Հայաստանի և Արցախի դեմ:

Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն:

«Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները»։

Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են։ Այն իրավական որևէ հիմք չունի և բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։

Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն։

Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն։ Սակայն սա կարող է և վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։

Մինչև վերջին մարդն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում»,-ասվում է գրառման մեջ:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման:

Leave a Comment