Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք սրացել են, բացի այդ արյան անալիզներն էլ ցույց են տվել, որ հարակից այլ առողջական խնդիրներ էլ ունի, – ասել է ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ գերությունից վերջերս վերադարձած Վիգենի առոջղական վիճակը վատացել է, նա աջակցության կարիք ունի: Տիկին Լինդան նշեց, որ այս պահին չի ուզում այդ մասով որևէ բան ասել: «Վիգենը մասնակի խլացել է, նրա մի ականջը չի լսում, այլ առողջական խնդիրներ էլ ունի»,- տեղեկացրեց Լինդան:
Նա նշեց, որ սկզբում Վիգենը անքնություն է ունեցել, սակայն դեղորայք է ընդունել, որից հետո կանոնավորվել է քունը:
Բաքվի բանտում անցկացրած դժոխային օրերի մասին հիշողություններով է կնոջ հետ երբեմն կիսվում,- պատմում է Լինդան: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա պարբերաբար հիվանդանոց են այցելում, այսօր նորից մեկ այլ բժշկի կարծիք պիտի լսեն: Կեցության հարցն էլ լուծել են՝ բնակարան վարձակալելով, թե ինչ է լինելու հետագայում, դեռևս չգիտեն,- պատմում է Լինդան: