ՀՀ ներքին գործերի նախարարության նախկին ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ խոշտանգման հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից հավելել են, որ փետրվարի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փետրվարի 5-ին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով-խմբ․)։
Փետրվարի 3-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Հակոբյանը ծեծի ու հայհոյանքների միջոցով ցուցմունք էր կորզում քաղաքացուց։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, ծառայողի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ն առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել։
