Ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը


Աբու Դաբիում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են նաև Վաշինգտոնի ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ օրակարգում է եղել տարածքների հարցը, որով կողմերին չի հաջողվում փոխզիջման հասնել: Հավանաբար, հանդիպումը կշարունակվի վաղը:


 


Կրեմլից հայտարարել են, որ խաղաղ կարգավորման դուռը բաց է, սակայն, ըստ Դմիտրի Պեսկովի, գործընթացը խոչընդոտում է Կիևը: «Ուստի ռուսական կողմը շարունակելու է ռազմական գործողությունները», – հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:


 


Բանակցություններին ընդառաջ՝ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր ուկրաինական էներգահամակարգին Ռուսաստանի զանգվածային հարվածները՝ հայտարարելով, որ Մոսկվան կասկածի տակ է դնում ձեռնարկվող դիվանագիտական գործընթացները: Նշենք, որ Մոսկվան Թրամփի խնդրանքով մինչև փետրվարի 1-ը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները:


 


«Ակնկալում ենք ռուսական վերսկսված հարվածներին ԱՄՆ արձագանքը», – շեշտել է Զելենսկին։ Վաշինգտոնից պատասխանել են՝ «Պուտինը կատարել է իր խոստումը»: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական կողմը մեկ շաբաթ չի թիրախավորել Ուկրաինայի էներգահամակարգը և դա էլ արդեն մեծ ձեռքբերում է:


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ1

Leave a Comment