Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օրեր առաջ Վենսին ուղարկած նամակում Արամ Ա-ն ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Բաքվում բանտարկված Արցախի ղեկավարների և մյուս գերիների, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային կոթողների պահպանության հարցերին՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։
Ըստ հաղորդագրության՝ նամակն արդեն փոխնախագահի գրասեղանին է։
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Վենսին խնդրել էր Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ազատել Բաքվում պահվող բոլոր 19 հայ գերիներին ու պատանդներին։
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան նախատեսված է փետրվարին։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենսը կայցելի խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն առաջ մղելու նպատակով։
