Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը։
Մինչ մրցանակը ստանալու արարողությունը երկու երկրների առաջնորդները հանդես էին եկել ելույթով ու խոսել էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին։
—
Մեր կողմից նկատենք, որ այս երկու գործիչները հիմնական պատասխանատուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմի, որի հետևանքով զոհվել են հազարավոր հայ և ադրբեջանցի զինվորներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են և հաշմվել, սպանվել և տուժել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Ավելին, այս երկու գործիչների վարած քաղաքականության հետևանքով ադրբեջանական կողմը ցեղասպանություն է իրականացրել Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ, հայրենազրկվել են շուրջ 150 հազար արցախցի հայեր, որոնք ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ու պայմաններում հարկադրված են եղել բռնագաղթել հազարամյակներով հայկական Արցախից:
Ադրբեջանական իշխանությունները, Ալիևի գլխավորությամբ ու հրահանգով, համակարգված ոչնչացնում են Արցախի հայկական պատմական ու մշակութային ժառանգության հուշարձանները:
Բացառապես ազգային պատկանելությամբ պայմանավորված՝ Ալիևը այսօր պատանդ է պահում տասնյակ հայ մարդկանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների: Պետական մակարդակով իրականացվում է հայատյացության սերմանում և Հայաստանը զավթելու գաղափարախոսության քարոզչություն:
Ու պետք է կամ բացարձակապես տհաս, կամ համակողմանի ցինիկ լինես, որպեսզի այդ ամենը կոչես «խաղաղություն», դեռ մի բան էլ՝ մրցանակ շնորհես:
Ու ստացվում է, որ եթե մեկ մարդ սպանես, ապա բանտ կընկնես, բայց եթե հազարավորների մահվան մատնես, ապա քեզ կծափահարեն և մրցանակ կտան:
Ընդսմին. Ալիևն ու Փաշինյանը այլևս մրցանակային «եղբայրներ» են:
Այսինքն, հունիսին Հայաստանում ցանկանում է վարչապետ մնալ և ընտրություններում ամեն գնով վերարտադրվել Ալիևի մրցանակային «եղբայրը»: