Ըստ Foreign Policy պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ Ռուսաստանի հետ առևտրային կապերի վերականգնումը կլինի խաղաղության լավագույն երաշխիքը։
«Թրամփի վարչակազմի խաղաղության քաղաքականության առանցքային տարրը համոզմունքն է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրային կապերի վերսկսումը կկանխի պատերազմի վերսկսումը, իսկ ամերիկյան ներդրողները դրանից կհարստանան»։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Սպիտակ տունն արդեն «կանխավայելում է» այն շահույթը, որը կարող է ստանալ Ռուսաստանի հետ համագործակցությունից, չնայած ներդրումների երկարաժամկետ բնույթին և բարդ պայմաններին։
Արտասահմանյան լրատվամիջոցները բացահայտել են ԱՄՆ-ի նախաձեռնության հավանական կետերը, որոնք քննարկվել են ԱՄԷ-ում կայացած հանդիպման ժամանակ.
Ամբողջ Դոնբասի փոխանցում Մոսկվայի վերահսկողությանը, Դոնբասի և Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի մաս։ Ռազմական գործողությունների սառեցում Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ներկայիս շփման գծով։
Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈՒ) թվակազմի կրճատում երկու անգամ, օտարերկրյա զորքերի և հեռահար զենքի տեղակայման արգելք Ուկրաինայում։
Կրեմլում նշել են, որ ամերիկյան կողմն արդեն ընդունել է՝ առանց տարածքային հարցի լուծման (ըստ Անկորիջում համաձայնեցված սկզբունքների), հնարավոր չէ հասնել երկարատև կարգավորման։
Բանակցային գործընթացը թևակոխում է վճռորոշ փուլ. Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայի զորքերը պետք է ամբողջությամբ դուրս գան Դոնբասից։ Բանակցությունների հերթական ռաունդը նախատեսված է փետրվարի 4-5-ին(այսինքն՝ այսօր և վաղը)։ Գործընթացին նախորդել են Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի գլխավորած պատվիրակության շփումները։