Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն ավարտել են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը, X-ում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

Նրա խոսքով՝ դրանք կվերսկսվեն հինգշաբթի՝ փետրվարի 5-ին։

Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։

Ուկրաինական պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսանդր Բևզը, գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գնատովը։

Հանդիպումը նախատեսված էր երկկողմանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ավելի ուշ Axios-ը հաղորդել է, որ Վաշինգտոնի անունից բանակցություններին կմասնակցի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։ Մասնակցել են նաև ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում։

Կողմերը բանակցությունները բնութագրել են որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասը անվանել է Ռուսաստանի «պատմական տարածք», որը պատրաստ է վերադարձնել ռազմական կամ այլ միջոցներով։ Կիևը հրաժարվում է տարածքային զիջումներ անել։

Leave a Comment