4 փետրվարի 2026 – 17:18 AMT
PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են ներկրումները կատարվում միայն Ադրբեջանից Հայաստան, ասել է, որ Հայաստանը մոտակա 1–2 ամիսների ընթացքում կարող է սկսել ապրանքներ արտահանել Ադրբեջան։
Նրա խոսքով՝ առևտուրը կատարվում է ոչ թե Ադրբեջանի, այլ այլ երկրների հետ՝ վերջինիս տարածքով։ Թունյանը նշել է, որ որպես սահմանակից երկիր՝ Ադրբեջանը կարող է օգտագործվել տարանցիկ ուղու համար, նախկինում նման հնարավորություն չի եղել, սակայն այժմ այդ հնարավորությունը առկա է, հայտնում է Auroranews.am-ը:
Թունյանը հավելել է, որ առաջիկայում կարող է սկսվել նաև Հայաստանի կողմից արտահանում՝ շուկայի պահանջարկից ելնելով։ Նրա փոխանցմամբ՝ հնարավոր է մատակարարվի մետաղական և փայլաթիթեղային արտադրանք, ինչպես նաև որոշ տեսակի սննդամթերք։
Պատգամավորը նշել է, որ կառավարությունը չի թելադրում, թե որ ապրանքները պետք է ներմուծվեն կամ արտահանվեն. գործընթացն իրականացվում է բիզնեսի պահանջով և փոխադարձ հետաքրքրության հիմքով։
Նա ընդգծել է, որ եթե շուկայում առկա է գին-որակ հարաբերակցությամբ ձեռնտու առաջարկ, ապա բիզնեսը ինքն է կայացնում որոշումը՝ տվյալ ապրանքը ձեռք բերելու վերաբերյալ։
2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան էր հասել ցորենով բեռնված գնացք՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է այդ երթուղով ուղարկել ևս 132 վագոն ցորեն։
Նախորդ ամիսներին Ադրբեջանից Հայաստան էր ներկրվել երկու խմբաքանակ նավթամթերք։ Առաջինը՝ 1300 տոննա A95 բենզին, առաքվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Այրում կայարանով, իսկ երկրորդ խմբաքանակի մասին հայտնել էին հունվարի 9-ին։
Փետրվարի 3-ին հաղորդվել էր, որ հացահատիկով բեռնված ռուսական երկաթուղային վագոնները, անցնելով Ադրբեջանի տարածքով, հասել են Հայաստան։