Պատգամավոր․ Պետությունը չպետք է առողջապահական ապահովագրական վճարների կրկնակի գանձում անի, ինչն անում է

Պատգամավոր․ Պետությունը չպետք է առողջապահական ապահովագրական վճարների կրկնակի գանձում անի, ինչն անում է

4 փետրվարի 2026 – 17:51 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնել է պարտադիր առողջապահական ապահովագրական վճարների կրկնակի գանձման խնդրի մասին։

«Խոսքս վերաբերում է պարտադիր առողջապահական ապահովագրական վճարների կրկնակի գանձմանը։ Էն հարյուր հազարավոր մեր քաղաքացիներից, ովքեր աշխատում են նաև համատեղությամբ: Չպետք է պետությունը նույն ծառայության ապահովագրության համար երկու անգամ մարդկանց հարկի»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ այդտեղ կրկնակի գանձում է տեղի ունենում։

Մինչ այդ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է օրենսդրական առաջարկ, որի համաձայն՝ բուժծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները պարտավոր են ունենալ ՀԴՄ սարքեր, որտեղ պետք է նշվի ոչ միայն կտրոնը, այլև ստացված բուժծառայության ծածկագիրը, իսկ այդ տվյալները ավտոմատ կերպով կհայտնվեն «Արմեդ» հարթակում։

«Էս լուծումը խոսքերով կա, գործնականում չկա, ես ձեզ վստահեցնում եմ, հատուկ բարձրաձայնում եմ, որ այստեղ նստած պատասխանատուները, նաև մեզ լսող մյուս պատասխանատուները, վայրկյան առաջ այդ լուծումները տան, որովհետև քաղաքացու համար որքանով կարևոր է իր վճարած հարկերը, դրանից ոչ պակաս կարևոր է, որ իր գրպանից պետությունն ավել գումար չտանի, թեկուզ խոստանալով, որ հետո ինչ-որ ձևով հետ կվճարի»,-ասել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ եթե կառավարությունն իսկապես ունի աշխատող էլեկտրոնային համակարգեր, ապա դրանք պետք է անհապաղ գործարկվեն՝ կանխելու համար կրկնակի հարկումը։

Նա հավելել է, որ ներկայիս պայմաններում տեխնիկապես հնարավոր չէ խուսափել այդ կրկնություններից, ինչի մասին նաև մասնագետներն են բարձրաձայնում։

«Մի գանձեք կրկնակի և հետո էլ խոստացեք, որ հետ կվերադարձնեք՝ անորոշ հեռանկարով, երբ չեք էլ պատկերացնում, թե այն ինչպես եք անելու»,-ասել է Ավետիսյանը:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։

Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։

Leave a Comment