Իլոն Մասկի առաջատար արհեստական բանականության չաթբոտը՝ Grok-ը, շարունակում է ստեղծել մարդկանց սեքսուալացված պատկերներ նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերերը հստակ զգուշացնում են, որ պատկերվող անձինք չեն տվել իրենց համաձայնությունը։
Reuters-ի 9 լրագրող փորձարկել են Grok-ը՝ X սոցիալական հարթակում դրա հրապարակային արտադրանքի սահմանափակումների հայտարարությունից հետո։ Պարզվել է, որ թեև Grok-ի հրապարակային հաշիվը այլևս զանգվածաբար նման պատկերներ չի հրապարակում, չաթբոտը շարունակում է դրանք գեներացնել անհատական հարցումների դեպքում՝ անգամ այն ժամանակ, երբ նշվում է, որ անձինք խոցելի են կամ կարող են նվաստացվել։
Հունվարի 14-16-ին իրականացված առաջին փորձարկումների ընթացքում Grok-ը սեքսուալացված պատկերներ է ստեղծել 55 հարցումներից 45-ի դեպքում, այդ թվում՝ դեպքեր, երբ հատուկ նշվել է, որ պատկերները կարող են օգտագործվել անձին նվաստացնելու համար։ Հինգ օր անց կատարված երկրորդ փորձարկումների ժամանակ 43 հարցումներից 29-ում ևս ստեղծվել են նման պատկերներ։
Միևնույն հարցումները փորձարկվել են նաև այլ չաթբոտներում՝ ChatGPT, Gemini և Llama, որոնք բոլորը հրաժարվել են նման պատկերներ ստեղծելուց՝ հղում անելով էթիկական և անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին։
