4 փետրվարի 2026 – 16:51 AMT
PanARMENIAN.Net – Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի զեկույցը, որտեղ անդրադարձել է մարդու իրավունքների վիճակին Հայաստանում։ Զեկույցում արձանագրված է, որ երկրում իրավիճակը շարունակում է մնալ խոցելի՝ չնայած բարեփոխումների խոստումներին և եվրոպական ինտեգրման հռչակված ձգտումներին, հայտնում է Factor.am-ը:
«Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն։ Մինչ իշխանությունները շարունակում էին կոռուպցիայի դեմ պայքարը և բարեփոխումներն ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին առնչվող լուրջ մտահոգությունները մնում էին արդիական, այդ թվում՝ ընդլայնված պետական տեսահսկումը, մամուլի ազատության սահմանափակումները, ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա բռնությունն ու խտրականությունը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ընդգծել են ոստիկանության կողմից չարաշահումների վերաբերյալ անարդյունավետ քննությունը, դատական անկախության բացակայությունը և քրեական դատավարություններում նախնական կալանքի չափազանցված կիրառումը։ Հայաստանում բացակայում է նաև խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրությունը։
Իշխանությունները դժվարություն են ունեցել ապահովել բավարար սոցիալական պաշտպանություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100,000 էթնիկ հայերի համար։ Բնակարանների վարձակալության համար տրվող պետական սուբսիդավորման աստիճանական դադարեցման հետ մեկտեղ, կառավարությունը ներդրել է կարիքի վրա հիմնված օգնությունների տրամադրումը երեխաներին, տարեցներին, որոշ հաշմանդամություն ունեցող անձանց, ուսանողներին և հիմնական կերակրողին կորցրած ընտանիքներին։ Այս մոտեցումը շատ տեղահանված անձանց կանգնեցրել է բնակարանի վարձի վճարման և հիմնական կարիքների բավարարման դժվարության առջև։
Մարտին խորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որով ամրագրվեց Հայաստանի ձգտումը՝ միանալու ԵՄ-ին և համապատասխան իրավական շրջանակն ու բարեփոխումները ներդնելու Հայաստանի օրենսդրության մեջ։
Օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցին Վաշինգտոնի հռչակագիրը, որը սահմանում էր խաղաղության լայն քաղաքական շրջանակ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության դադարեցմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը: Համաձայնագիրը Միացյալ Նահանգներին տալիս է բացառիկ իրավունքներ՝ զարգացնելու 42 կիլոմետրանոց առևտրային երթուղի Հայաստանի տարածքով, որը նաև կկապի Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ: Համաձայնագիրը նաև հանգեցրեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ գործող հակամարտության կարգավորման ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:
Հռչակագիրը հակասական արձագանքների տեղիք տվեց հայ հասարակության մեջ՝ մտահոգություններ արտահայտելով կիրառման մեխանիզմների, Ադրբեջանում 23 էթնիկ հայերի շարունակվող ազատազրկման և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցման առումով, որի պատճառով ընտանիքները զրկվեցին կալանավորվածների հետ անկախ ձևաչափով կապի կամ նրանց բարեկեցության երաշխիքների ապահովման հնարավորությունից»,-ասվում է զեկույցում:
Զեկույցում նաև շեշտադրվել են մարդու անձնական կյանքի գաղտնիության խախտման ռիսկեր՝ կապված ոստիկանությանը տրամադրվող տեսահսկման լայն լիազորությունների, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության անբավարար մեխանիզմների հետ։
Փաստաթղթում բարձրացվել է նաև մամուլի ազատության սահմանափակման, ազատազրկման վայրերում հոգեսոցիալական աջակցության բացակայության, ընտանեկան բռնության աճի և ԼԳԲՏ անձանց նկատմամբ շարունակվող խտրականության հարցերը։
HRW-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ իրական բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ երաշխավորելով խոցելի խմբերի պաշտպանությունը, դատական անկախությունը, անձնական ազատությունները և տեղեկատվության ազատ մուտքը։