Կյանքի ապահովագրության առաջին փորձը խթան կդառնա Հայաստանում այս սեգմենտի զարգացման համար. ԿԲ նախագահ

LIGA INSURANCE-ը Հայաստանում առաջինը կսկսի մատուցել կյանքի ապահովագրության ծառայություններ, իսկ մնացած ապահովագրական ընկերությունները կհետևեն նրա օրինակին, հայտարարել է ԿԲ նախագահը

Կյանքի ապահովագրության առաջին փորձը խթան կդառնա Հայաստանում այս սեգմենտի զարգացման համար. ԿԲ նախագահ


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ LIGA INSURANCE-ը Հայաստանում առաջինը կսկսի մատուցել կյանքի ապահովագրության ծառայություններ, իսկ մնացած ապահովագրական ընկերությունները կհետևեն նրա օրինակին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցերին:


ՀՀ ԿԲ–ն հունվարի 30–ին հաստատել է LIGA INSURANCE ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերումը Grawe Group  ավստրիական ընկերության և C-Quadrat Investment Group ներդրումային խմբի կողմից։ Grawe Group ընկերությունը հայկական LIGA Insurance–ի 75% բաժնետոմսերի սեփականատերն է, մնացած 25%–ը C-Quadrat Investment Group–ի մասնաբաժինն է։


Գալստյանն այս գործարքն անվանել է «փայլուն օրինակ» այն բանի, թե ինչպես հեղինակավոր միջազգային դերակատարի կողմից ձեռքբերման արդյունքում հայկական ընկերությունը հնարավորություն ստացավ հասանելիություն ունենալ լավագույն փորձին և փորձագիտությանը:


ԿԲ ղեկավարի խոսքով՝ սա կհանգեցնի «շղթայական ռեակցիայի». մյուս ապահովագրողները ևս կձգտեն մատուցել նույն որակի ծառայություններ, ինչ կյանքի ապահովագրության ոլորտ առաջինը մուտք գործած ընկերությունը:


Բացի այդ, նա հայտնել է «Ապահովագրության մասին» օրենքում օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման մասին: Կարգավորողն աշխատում է միասնական ունիվերսալ լիցենզիայի գաղափարի շուրջ, որը թույլ կտա ընկերություններին մեկ լիցենզիայով իրականացնել թե՛ կյանքի, թե՛ ոչ կյանքի ապահովագրություն:


«Մենք կաշխատենք համընդհանուր լիցենզիայի գաղափարի շուրջ, այսինքն՝ որպեսզի կյանքի և ոչ կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների լիցենզավորումը լինի ոչ թե առանձնացված, այլ լինի միասնական ունիվերսալ լիցենզիա, որը թույլ կտա մեկ բիզնեսին աշխատել երկու ուղղություններով», — ասել է Գալստյանը:

Leave a Comment