Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանումը

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։


Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: 


Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով: 


Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան: 


Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 


Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ 


Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ 


Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։

Leave a Comment