ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անցանկալի անձանց համատարած կալանավորումների վերաբերյալ մեղադրանքներն անհիմն է համարում։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում 907 անձ, վարչական հսկողության ներքո է 1143 քաղաքացի, իսկ տասնյակ հազարավորներ՝ չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատության մեջ են։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է փոխհատուցելու քաղաքացիների բարոյական վնասը, ինչին ի պատասխան նախարարն ընդգծեց՝ ճնշող մեծամասնության դեպքում մարդկանց ոչ թե արդարացնում են, այլ պարզապես փոխում են խափանման միջոցը: Իսկ ահա այն եզակի դեպքերում, երբ անձն արդարացվում է, օրենքը նրան իրավունք է վերապահում պահանջել վնասի փոխհատուցում:
Անդրադառնալով հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե ոչ, նախարարը հայտարարեց՝ մեր երկրում քաղաքական բանտարկյալներ չկան:
Գալյանը միաժամանակ շեշտեց՝ քաղաքականությամբ զբաղվելը չի նշանակում, որ իրավախախտումը թույլատրելի է։ Նա հորդորեց չթաքնվել քաղաքականության հետևում։