4 փետրվարի 2026 – 13:17 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպմանը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ ու վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանումն ու խորացումն՝ առանձնապես երկկողմ ձևաչափով։
Կողմերը նշել են, որ երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտներն առօրյա կյանքում։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել երկու երկրների միջև առևտրի մեկնարկի կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան նավթամթերքի շարունակական մատակարարման և երրորդ երկրներից հացահատիկի ու այլ ապրանքների տարանցման իրականացման առնչությամբ։ Կողմերը համաձայնության են եկել շարունակել ուսումնասիրել փոխադարձ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Նրանք դրական են գնահատել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները և միաժամանակ համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է խորացնել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։
Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը քննարկել են նաև TRIPP-ի և այլ ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ընթացքը։ Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ նպաստելու երկու երկրների միջև խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացին, և համաձայնեցրել են պահպանել շփումները՝ հարաբերությունների կարգավորման ընթացքին շարունակական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել փետրվարի 4-ին՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։