4 փետրվարի 2026 – 13:10 AMT
PanARMENIAN.Net – Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթեր կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով դեսպան Բարբարա Պոմպիլիի հետ։ Հանդիպման առանցքում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը:
Պոմպիլին վերահաստատել է, որ Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել COP17-ի բարձր մակարդակով կազմակերպման և նախապատրաստման ուղղությամբ՝ ներառյալ կազմակերպչական ու տեխնիկական աջակցություն և միջազգային գործընկերների հետ բանակցային ուղղությամբ աշխատանք։
Անդրադարձ է եղել նաև արդեն ձևավորված համագործակցությանը․ 2016 թվականից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Ֆրանսիայի Միջազգային ջրային գրասենյակի հետ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նախարարության համակարգում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությունը Météo-France-ի և Météo-France International-ի հետ։
«Հանդիպումն ամփոփելով՝ վերահաստատեցի մեր պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ֆրանսիական կողմի հետ՝ COP17-ի հաջող կազմակերպումը դարձնելով Հայաստանի միջազգային ներգրավվածության և կենսաբազմազանության պաշտպանության օրակարգի առաջխաղացման կարևոր հարթակ»,-նշվում է գրառման մեջ։