4 փետրվարի 2026 – 12:26 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս օրերին միջազգային այց է կատարում, որի շրջանակում սպասվում են կարևոր հանդիպումներ:
Նա նշել է, որ այսօր, երբ Հայաստանի իշխանություններն ամեն գնով «փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն»:
«Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու»,-գրել է նա:
Թաթոյանը տեղեկացրել է, որ Փարիզում նախատեսված են նշանակալի հանդիպումներ, որից հետո՝ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում, նախատեսվում են հանդիպումներ և դասախոսություններ Ամերիկայի և աշխարհի առաջատար համալսարաններում՝ Յեյլում, Կոլումբիայի համալսարանում, այդ թվում` Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ սովորել է Արման Թաթոյանը և համալսարանի կողմից ճանաչվել իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից։
«Դասախոսությունների թեմաներն են միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այն ամենն, ինչին ես նվիրել եմ իմ ամբողջ կյանքը»,-գրել է նա:
Թաթոյանը հավելել է, որ հենց այս թեմաներին էլ անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջ. Վենսին ուղղված իր նամակում:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք»,-գրել է նա: