Փաշինյանը և Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրություններում քննարկել են TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը, հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Նրանք ողջունել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը, նշել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:

Փաշինյանն ու Ալիևը, ըստ հաղորդագրության, գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։

Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում են՝ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակաբաշխությանը, որտեղ նրանց կպարգևատրեն:

Հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը։

Leave a Comment