Ստեղծվել են խաղողի այգիների անձնագրեր, տվյալները թվայնացվել են. Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն

«Մեզ համար չափազանց կարեւոր է «Խաղողի տնկարկների ռեեստր» ծրագիրը: Ծրագրի ամենամեծ մասն ավարտել ենք, քարտեզագրել ենք խաղողի այգիները, բացի դրանց սահմանազատումները տալուց՝ ստեղծել ենք  նաեւ այգիների անձնագրեր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց  Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Նա նշեց, որ տառաթվային տվյալներ են հավաքագրել եւ այդ ամենը մուտքագրվել է համապատասխան  հարթակում, ու շուտով ունենալու են կայք. «Ամբողջ ինֆորմացիան կտեղայնացնենք, հետագայում մթերման գործընթացը կիրականացնենք հարթակի միջոցով: Սա կօգնի մեզ, որպեսզի ավելի վերահսկելի դարձնենք խաղողի արտադրության պրոցեսը, գինու եւ կոնյակի արտադրությունը, ինչը հնարավարություն  կընձեռի պետական աջակցության ծրագրերն իրականացնել՝ հենվելով տվյալների վրա: Սա կնպաստի մթերման գործընթացն ավելի սահուն կազմակերպելուն, որովհետեւ ինչ-ինչ խնդիրներ են լինում, օրինակ, շատ խաղողագործներ պայմանագրեր չեն ունենում: Իսկ այս գործընթացը կօգնի ավելի պլանավորված եւ կանխատեսումով իրականացնել մթերման գործընթացը, նաեւ  տեսնել, թե քանի գինեգործ չունի մթերման պայմանագիր»:

Զարուհի Մուրադյանը հույս հայտնեց, որ այս տարվա մարտին հավելվածը եւ հարթակը պատրաստ կլինեն, ծրագիրը կգործարկվի եւ պիլոտային մթերում կարվի, իսկ 2027-ին ամբողջ գործընթացը կիրականացվի հարթակի միջոցով:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment