Նիդեռլանդների թագուհի Մաքսիման շուտով կանցնի զինվորական ծառայության՝ որպես Թագավորության զինված ուժերի պահեստազորի մասնակից։ Այս մասին հայտնել է RTL Nieuws հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության աղբյուրները։
Հեռուստաալիքը հայտնում է, որ թագուհին կմասնակցի ռազմական պատրաստության ծրագրին, որը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ ֆիզիկական պարապմունքներ: Մաքսիման կսովորի, թե ինչպես վարվել անձնական զենքի հետ, վարժվելու է թիրախների վրա կրակելուն, տիրապետելու է մարտավարական պատրաստվածության տարրերին և սովորելու է քարտեզների կողմնորոշման հիմունքները: Ուսումնական գործընթացը կկազմակերպվի ճկուն՝ հաշվի առնելով նրա պաշտոնական ժամանակացույցը: Ընդ որում, նշվում է՝ ակնկալվում է նրա կանոնավոր մասնակցությունը դասերին:
Պաշտպանության նախարարությունում հույս ունեն, որ թագավորական ընտանիքի անդամի մասնակցությունը զինվորական ծառայությանը կխթանի Նիդեռլանդների քաղաքացիների հետաքրքրությունը ռազմական կարիերայի և պահեստազորում ծառայության նկատմամբ:
