CivilNetCheck. Հունվարի 30-ին Civic.am-ը հրապարակել է «Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը․ բացառիկ» վերտառությամբ հոդված։
Ինչ է իրականում հանձնարարել կաթողիկոսը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստորագրել է հրաման, ըստ որի՝ փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ ՊՆ համակարգում։
Civic.am-ի հրապարակած էկրանապատկերում առկա նամակագրության մեջ հոգևորականներին տրվում են ցուցումներ՝ ինչպես վարվել առաջնորդարանին պատկանող գույքի հետ՝ զորամասերում հոգևոր ծառայության դադարեցման հետ կապված։
Նամակագրության մեջ նախ նշվում է, որ մինչև փետրվարի 1-ը անհրաժեշտ է զորամասերից, մատուռներից և եկեղեցիներից դուրս բերել Հոգևոր առաջնորդությանը պատկանող գույքը, մասնավորապես՝ առաջնահերթությամբ եկեղեցական թանկարժեք սպասքն ու իրերը (սկիհ, բուրվառ, մաղզմա, քշոց, ինչպես նաև Աշոտ Երկաթի ձեռաց խաչերը և Հոգևոր առաջնորդության կողմից գնված գույքը)։ Նշվում է, որ այդ գույքը պետք է տեղափոխվի Մայր Աթոռ, քանի որ պահեստավորման հնարավորություն չկա։
Այնուհետև նշվում է. «Իսկ կենցաղային տեխնիկան և գույքը՝ փոխադրումների մեծ ծախսերից խուսափելու համար, առավել նպատակահարմար է, որ տեղում փորձեք վաճառել և ստացված գումարը փոխանցել առաջնորդությանը կամ առաջարկեք այլ նպատակահարմար լուծում»։
Փաստացի հրապարակված էկրանապատկերից պարզ է դառնում, որ վաճառքը վերաբերում է ոչ թե ամբողջ եկեղեցապատկան գույքին, այլ միայն կենցաղային տեխնիկայի և ոչ ծիսական գույքի հնարավոր վաճառքին։
Եկեղեցին Civic-ի «բացառիկ» նամակագրությունը արտառոց չի համարում
#CivilNetCheck-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ գնդերեցներին ուղղված ծանուցման մեջ որևէ արտառոց բան չկա։
Ինչ վերաբերում է կենցաղային տեխնիկայի և գույքի վաճառքին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է հոգևորականների անձնական գույքին։