«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:
– ԵԽԽՎ վերջին զեկույցն ու արձանագրությունը խոսում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները փայլուն կատարում են իրենց աշխատանքը: ԵԽԽՎ-ն նրանց համարում է ժողովրդավար, թեպետ մի քանի խնդրի անդրադարձել էին, սակայն, մեծ հաշվով, Փաշինյանի իշխանությանը հավանություն էին տվել` իրենց եզրակացությամբ: Ո՞րն է նրանց հիացմունքի եւ աջակցության պատճառը: Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն այս դիրքերից հանդես գալիս:
– Ցավոք սրտի, եթե խոսքը գնում է ԵԽԽՎ-ի մասին, ապա պետք է արձանագրենք, որ այն վաղուց իր նշանակությունը կորցրել է` ինչո՞ւ․ որովհետեւ 90 թվականին այն նշանակությունը, որ կառույցն ուներ` ինչ-որ ձեւով երկխոսություն էր գնում արեւմտյան եւ արեւելյան պետությունների միջեւ, վաղուց արդեն մնացել է անցյալում: Զգալի մասն այդ պետությունների դարձել է ԵՄ անդամ, իսկ մի մասը, օրինակ` Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, հեռացվել են այդ կազմից, Ադրբեջանը թեպետ կաշկանդված է, սակայն դրանից վատ չի զգում, մի խոսքով` ԵԽԽՎ-ն դարձել է ԵՄ-ի կցորդը եւ չունի առանձին դիրքորոշում: Ինչ վերաբերում է Հայաստանին գովեստի խոսքեր շռայլելուն, ապա դա ոչ թե Հայաստանի շահերից է բխում, այլ պարզապես նման քայլերով Հայաստանին փորձում են հակառուսական քայլերի մաս դարձնել:
– Բայց մի՞թե Եվրոպայում չեն տեսնում, թե ինչ է կատարվում ՀՀ ներքաղաքական կյանքում: Մենք ամեն օր արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակասահմանադրական գործողությունները, եւ բացի այն, որ դատարաններն իրենց իրավունք են վերապահում արդեն թեմերի առաջնորդներ նշանակել, եպիսկոպոսներից շատերի ելքը՝ ՀՀ-ից դուրս գալու, արգելվել է, ամեն ինչ անում են, որ առաջիկայում Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը տեղի չունենա: Ի՞նչ գործողություններ են սրանք` ըստ Ձեզ:
– Պետք է արձանագրել, որ Եկեղեցու դեմ այս պայքարն անիմաստ է, ավելին` միայն օգուտ է բերում Եկեղեցուն: Ինչու․ որովհետեւ Եկեղեցու ներսում, այո, մաքրման պրոցես է սկսվել, եւ այն հոգեւորականները, ովքեր իսկապես խայտառակում էին Հայ առաքելական եկեղեցին, իրենց կամքով տարանջատվեցին Եկեղեցուց, ինչը բարձրացրեց Եկեղեցու վարկանիշը` եւս մեկ անգամ: Հայոց եկեղեցու պատմության մեջ սա շատ օրինաչափ գործընթաց է: Եկեղեցին ավելի զորեղ է եղել, քան Հռոմեական կայսրությունը: Այս առումով, եթե Հայաստանի իշխանությունները փորձում են նմանվել Հռոմեական կայսրությանը, նրանք էլ փորձում էին վերացնել քրիստոնեությունը, ապա թող պատմություն կարդան եւ տեսնեն, թե ինչպես կործանվեց Հռոմեական կայսրությունը…. այլ ոչ թե քրիստոնյա եկեղեցին: Եկեղեցու դեմ արվող գործողությունները հիմարություններ են, այլ բառով չեմ կարող պրոցեսը բնութագրել: Ի՞նչ է նշանակում՝ դատավորը եպիսկոպոսներ է նշանակում․ դա միմիայն ծիծաղ է առաջացնում: Եթե քաղաքական հարցերում արդարանում են, ասում են` պատերազմ ենք կանխում՝ այս անընդունելի կեցվածքով, ապա Եկեղեցու դեմ գործողությունների համար որեւէ արդարացում չունեն: Իշխանությունն իր եվրոպացի շեֆերին եւս անհարմար իրավիճակի մեջ է դնում, քանի որ ոչ ոք չի կարող այս ամենն արդարացնել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: