4 փետրվարի 2026 – 10:44 AMT
PanARMENIAN.Net – «Եվրոպայում կրոնական ազատությունների ֆորում» (FOREF Europe) իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում գրել է, որ ՀՀ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, սաստկացրել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը:
Ըստ զեկույցի` այն, ինչ կատարվում է, կրոնական համոզմունքների և հավատքի ազատության խախտումների վերաբերյալ լուրջ ահազանգեր է հնչեցնում մի երկրում, որը մշտապես հպարտանում է նրանով, թե քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն է, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաստաթղթում մանրամասն ներկայացվել է, որ ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայությունը փաստացի դադարեցվել է, իսկ գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ նրանց մղելով դեմ արտահայտվելու կաթողիկոսին և միանալու կառավարության ներկայացրած «եկեղեցական բարեփոխումների օրակարգին>։
Նույն զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել Քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթին՝ ընդդեմ մի շարք բարձրաստիճան հոգևորականների, որոնց նկատմամբ կիրառվել է ելքի արգելք, ինչը խոչընդոտել է նրանց մասնակցությունը Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։
ՔԿ վարույթը՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» մեղադրանքով, FOREF Europe-ը գնահատել է որպես քաղաքական հենք ունեցող միջամտություն՝ ուղղված եկեղեցու ներքին կառավարմանը։
Զեկույցում հիշեցվում է, որ չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ՝ շինծու որակված մեղադրանքներով։ Հետապնդման թիրախում է հայտնվել նաև Հայ եկեղեցու բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ իշխանությունները բացահայտորեն պահանջել են կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նրան մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ և հայտարարելով եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին։
«Պաշտպանները զգուշացնում են, որ այս քայլերը պետության կողմից աննախադեպ միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը, որը հիշեցնում է խորհրդային դարաշրջանի մարտավարությունը՝ կրոնական հաստատություններին ենթարկեցնելու համար։ Հակամարտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և կայունությունը տարածաշրջանային լարվածության պայմաններում»,- նշված է զեկույցում։
FOREF Europe»-ի նախագահ, սլովակ քաղաքական գործիչ Յան Ֆիգելն իր հերթին ասել է․ «Մենք ականատես ենք լինում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների Հայաստանում… Հայ առաքելական եկեղեցու դեմ գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և էթիկական առումներով․․․ Սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»։
FOREF Europe իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն քննադատել է Հայաստանում ընթացող զարգացումները՝ դրանք գնահատելով որպես կրոնական ազատությունների և հավատքի իրավունքի դեմ ուղղված քայլեր։ Կազմակերպությունը հորդորել է Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցական կառույցների գործերին միջամտելը, ազատ արձակել կալանավորված հոգևորականներին և վերականգնել հոգևոր աջակցությունը պետական համակարգում։
FOREF-ը ընդգծել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ժողովրդավարական կազմակերպությունները և հոգևոր առաջնորդները, պարտավոր են արձագանքել այս իրավիճակին՝ կանխելու Կովկասում կրոնական ազատության հետագա թուլացումը։
Կալանքի տակ են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը (Շիրակի թեմ), Մկրտիչ սրբազանը (Արագածոտնի թեմ) և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Մայր աթոռի դիվանապետ)։
2026 թ․ հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու եկեղեցու ղեկավարության բարենորոգումը պահանջող 10 եպիսկոպոս հանդես են եկել հայտարարությամբ՝ ազդարարելով Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխումների» մեկնարկը։ Նրանք ստորագրել են համատեղ փաստաթուղթ՝ կազմավորելով համակարգող խորհուրդ, որը զբաղվելու է եկեղեցու «բարեփոխումների» կազմակերպմամբ։