
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հրապարակելով լուսանկար: Մանրամասներ չեն հաղորդվում:
Ըստ տարածված տեսանյութի՝ հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։
Հայաստանի վարչապետի խոսնակն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր. – «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք»:
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար: