Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին — Հայաստանի Հանրային Ռադիո

Լիբիայում սպանվել է նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին։ Քաղաքական գործչի մտերիմների փոխանցմամբ՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամը մահացու վիրավորում է ստացել իր տան վրա իրականացված հարձակման ժամանակ։

Ըստ հաղորդումների՝ միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի արևմուտքում գտնվող Զինտան քաղաքում, որը գտնվում է Տրիպոլիից մոտ 160 կիլոմետր հարավ-արևմուտք։ Չորս անհայտ զինված անձինք ներխուժել են նրա տուն, անջատել տեսախցիկները, ինչից հետո տեղի է ունեցել ուղիղ բախում, որի ընթացքում Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին սպանվել է։

Լիբիացի քաղաքական գործչի խորհրդականը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել տան հարակից այգում։ Տեղեկությունը հաստատել են նաև AFP-ն և Քադաֆիի որդու փաստաբանը՝ Մարսել Չեկալդին։ Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ ո՛չ հարձակվողների ինքնությունը, ո՛չ էլ հնարավոր դրդապատճառները։

Փաստաբանը նշել է, որ դեպքից մոտ 10 օր առաջ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի շրջապատը բարձրաձայնել էր անվտանգության հետ կապված լուրջ մտահոգությունների մասին։

Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին մինչև 2011 թվականը համարվում էր Լիբիայի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկը, իսկ 2021 թվականին հայտարարել էր երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նրա սպանությունը տեղի է ունեցել Լիբիայում շարունակվող քաղաքական անկայունության և անվտանգության լարված իրավիճակի ֆոնին։

Leave a Comment