
Ուկրաինայի իշխանությունները սկսել են տարհանել Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի խաղաղ բնակիչներին՝ Ռուսաստանի զորքերի հյուսիսային խմբի առաջխաղացման պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության մարմինները։
«Քանի որ Հյուսիսային զորքերի խումբը խորանում է Խարկովի մարզ, Կիևի ռեժիմի իշխանությունները տարհանում են շփման գծից այն կողմ գտնվող բնակավայրերը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են Վոլչանսկի շրջանի Գոնտարովկա գյուղական խորհրդի, մասնավորապես՝ Գոնտարովկայի, Վիշնևեի, Ռադկովկայի և Շիրոկեի խաղաղ բնակիչների տարհանման մասին», – ասել է գործակալության աղբյուրը։
Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռևս չի ճանաչել Վոլչանսկի և շրջակա բնակավայրերի կորուստը։ «Կիևի քարոզչությունը պարզապես որոշել է «մոռանալ» Վոլչանսկի մասին։ Այնուամենայնիվ, որքան մոտ է ճակատը, այնքան ավելի ակտիվ են տարհանման աշխատանքները», – նշել է նա։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Խարկովի մարզի Վոլչանսկի «ազատագրման» մասին։