Որևէ ռազմավարական ծրագիր չեն իրականացրել, փոխարենը «ուդառնիկ» են խփում․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նկատե՞լ եք, որ այս իշխանությունները 8 տարիների ընթացքում որևէ խոշոր, ռազմավարական շինարարական ծրագիր չեն իրականացրել․ ոչ «Ակադեմիական քաղաք», ոչ «Աջափնյակի մետրոյի» կայարան, ոչ այլ համակարգային նախաձեռնություն։ Փոխարենը՝ «ուդառնիկ» են խփում, «սրտիկում» են իրենք իրենց և ամբողջ էներգիան ուղղում Եկեղեցու դեմ հարձակումների վրա։

Այս վիճակը, իմ համոզմամբ, ունի երկու հիմնապատճառ, որոնք էլ ունեն իրենց պատճառները`

առաջինը՝ չկարողանալն է,

երկրորդը՝ չցանկանալը, որը նույնպես բխում է չկարողանալուց: 

Շատերը կարող են հակադարձել՝ վկայակոչելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Սակայն այդտեղ բացերն ու թերությունները այնքան շատ են՝ ժամկետների խախտումներից մինչև կրթական գործընթացին հասցված լուրջ և հեռանկարային վնասներ, որ դա ծրագրի իրականացում չէ, այլ ծրագրի տապալում է:

Բազմաթիվ համայնքներում դպրոցի շինարարության պատճառով երեխաները պարզապես չեն հաճախում դպրոց․ անգամ հարևան գյուղ հասնելու լոգիստիկ խնդիրներն են նպաստում, որ երեխան դուրս մնա կրթությունից։ 

Այսինքն՝ կիսատ-պռատության իրենց որդեգրած սկզբունքին համաձայն «հոնքը սարքելու տեղը՝ աչքն են հանում»։ 

Իսկ ո՞վ է մտածում այդ սերնդի կրթական մակարդակի մասին։ Սա երկարաժամկետ, բայց ծանր հարված է հասարակությանը։ Որովհետև դպրոցը միայն պատեր չեն, այլ կրթական գործընթացի որակ։

Իրենց կարողացածը ասֆալտ անելն է։ Բայց նույնիսկ դա չեն կարողանում նորմալ անել` անորակ է ու կարճաժամկետ կյանք ունեցող։ 

Բավական է երթևեկել Երևանի մի շարք փողոցներով և Հայաստանի տարբեր հատվածների ճանապարհներով, որոնք ընդամենն անցյալ տարի են ասֆալտապատվել, ապա կտեսնենք ճաքած, փոս ընկած, նորից քանդված նույն ճանապարհները, օրինակ` գազանանոցի ճանապարհը, Երևան մուտք գործող ճանապարհը «ռադիոմաշտ, շամպայն» հատվածից և այլն:

Անգամ այս ամենապարզ գործը նորմալ չեն անում, արդեն ավելորդ է խոսել մեծ ծրագրերի, ավելին` ռազմավարության կամ զարգացման մասին»։

Leave a Comment