Սևան ազգային պարկի տարածքում շարունակվում է ապօրինի կառույցների և առանձնատների ուսումնասիրությունը։ Զուգահեռաբար ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ։ Դրանք արդեն կատարվել են ափամերձ 14 հողամասերում։ Կառավարությունը նախորդ տարեվերջին հայտարարել է, որ ապամոնտաժումը շարունակվելու է նաև 2026-ին։
Թիրախում ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շինություններն են և այն ենթակառուցվածքները, որոնք 1․905 մ բացարձակ նիշից ցածր գոտում են։ 1․905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքն օրենսդրության պահանջով պետք է ազատ լինի:
Ապամոնտաժվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանա լճի ափին գտնվող առանձնատան հարևանությամբ կառուցված ապօրինի շինությունները։ Գործընթացը կատարվում է դատախազության ներկայացրած միջնորդագրի հիման վրա։
Կադրերից, սակայն, երևում է, որ քանդվում է ոչ թե առանձանտունը, այլ պարիսպը, թեքահարթակն ու բետոնե հենապատերը։ Ապամոնտաժվում են 1․905 մ նիշից ցածր տարածքում գտնվող շինությունները։ Օրենսդրությամբ ջրային սահմանից մինչև 1․905 մ բացարձակ նիշն ընկած տարածքը սահմանվում է որպես Սևանա լճի էկոլոգիական գոտու առաջին ենթագոտի, որտեղ, ՀՀ կառավարության որոշմամբ, արգելված է կապիտալ շինարարությունը: 1․905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի:
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ» առողջարանի 2007–ին կնքած պայմանագիրը՝ Դրախտիկ գյուղից 5 կմ հեռավորությամբ 41․000 քառ․/մ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց՝ 2008-ին, տարածքի մի մասի տնօրինման իրավունքն անցել է ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին։ 2010-ին արդեն այստեղ 400 քառ․/մ մակերեսով շինություն է կառուցվել։ Կադաստրում ու քաղաքաշինական փաստաթղթերում, ըստ դատախազության, բացակայել են շինարարության թույլտվության և ավարտական ակտի տվյալները։
Գլխավոր դատախազությունը պարզել է, որ պաշտոնատար անձինք 2010-2017 թթ․ տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության թույլտվություններ և ավարտական ակտեր՝ հաշվի չառնելով շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությունը՝ ասում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025-ին միջնորդագիր է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն` միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատախազությանը տեղեկացրել է, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ։ Նշեմ, որ այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով։ Երկրորդ այլընտրանքը չկա»։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ նույն տարածքում ապօրինի կառույցներ ունեն նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլ նախկին պաշտոնյաներ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ դեկտեմբերին կառավարության նիստում 20 րոպե թվարկել էր Սևանա լճի ափին օրենքի պահանջների խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքը։
«Այս խնդիրը համատարած է։ Ազգային պարկի ամբողջ տարածքում արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը և տրամադրվում է վարձակալական իրավունքով հողամաս»։
Ըստ դատախազի՝ ապօրինի գույքի մի մեծ հատված փաստացիորեն գոյություն ունի, սակայն իրավական դաշտում բացակայում է։ Նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող գույքին առնչվող գործարքները, որպես կանոն, չեն կնքվել անմիջապես տվյալ պաշտոնատար անձանց հետ։ Դրանք հիմնականում ձևակերպվել են նրանց մերձավորների՝ մայրերի, զոքանչների կամ փոխկապակցված իրավաբանական անձանց անուններով, մինչդեռ իրական շահառուները հենց այդ անձինք են։
Գեղարքունիքի մարզի դատախազությունը տեղեկացրել է, որ Սևան ազգային պարկի տարածքում ընկերություններից մեկին հատկացված հողամասի իրական չափը շուրջ երեք անգամ գերազանցել է փաստաթղթերով սահմանվածը:
«Նշված առանձնատունը փաստացիորեն պատկանում է Ռուբեն Հայրապետյանին։ Բացի այդ, առկա է մեկ գույք, որը վերագրվում է Սասուն Միքայելյանին, ինչպես նաև շուրջ 450 քառ․/ մ մակերեսով մեկ այլ գույք, որը գրանցված է իրավաբանական անձի անվամբ։ Վերջինս, սակայն, առնչվում է ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձի, այլ միջին օղակի պաշտոնյայի հետ»։
Դատախազության ուսումնասիրությամբ՝ ապօրինի շինություններ են հայտնաբերվել նաև Սևան համայնքի ափամերձ 34 հողամասերում: Վարչական վարույթներ են հարուցվել, կայացվել է քանդման 23 որոշում, որոնց կատարման աշխատանքները, սակայն, դանդաղ են ընթանում: Այս պահի դրությամբ ամբողջությամբ ապամոնտաժվել են երեք հողամասերի շինությունները:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում թվարկել է խնդրի բարդություններն իրավական և տնտեսական առումով։
«Այո՛, կաn գույքեր, որոնք անհրաժեշտ է քանդել և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ պատճառներով։ Միաժամանակ, կան առանձնատներ և հանգստյան տներ, որտեղ արդեն արվել են մեծ ներդրումներ։ Այս առումով անհրաժեշտ է ավելի ընդլայնված քննարկում, որպեսզի գնահատվի և՛ իրավական, և՛ սոցիալական ազդեցությունը»։
Դատախազի խոսքով՝ իրավական տեսանկյունից այս կառույցները ապօրինի են, բայց, մյուս կողմից, դրանց մի մասն ունի տնտեսական, կրթական կամ առողջապահական ներուժ։ Դատախազն առաջարկել է կառավարությանը հստակ չափանիշներ սահմանել և ըստ դրանց հասկանալ, թե որ դեպքում է գույքը ենթակա պարտադիր քանդման, և երբ կարող է շարունակվել դրա շահագործումը։