Չինաստանի իշխանությունները որոշել են 2027թ․ հունվարից անվտանգության նկատառումներով արգելել էլեկտրական մեքենաներում դռների թաքնված բռնակների օգտագործումը։ Այս բռնակները լայնորեն կիրառվում են նոր մոդելներում, քանի որ համարվում են ժամանակակից ու գեղեցիկ, սակայն վթարների ժամանակ լուրջ խնդիրներ են առաջացնում։
Մասնավորապես, երբ մեքենայի էլեկտրական համակարգը վնասվում է, դռները հաճախ չեն բացվում, ինչի հետևանքով վարորդներն ու ուղևորները չեն կարողանում արագ դուրս գալ մեքենայից, փրկարարներն էլ դժվարանում են օգնություն ցույց տալ։
Նոր կանոններով նախատեսվում է, որ բոլոր ավտոմեքենաները պետք է ունենան սովորական մեխանիկական դռան բռնակներ, որոնք հնարավոր կլինի բացել ձեռքով՝ անկախ էլեկտրական համակարգի աշխատանքից։ Որոշումը կայացվել է մի շարք դժբախտ դեպքերից հետո և վերաբերում է ոչ միայն տեղական, այլև՝ Չինաստանում մեքենա վաճառող արտասահմանյան արտադրողներին։
Քանի որ Չինաստանը էլեկտրական ավտոմեքենաների ամենամեծ շուկաներից մեկն է, այս փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ նաև ամբողջ ավտոարդյունաբերության վրա։
