Քննարկվել են քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման խնդիրները

Օրենսդիր, գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ այս օրերին հանդիպում եւ հանրային ու քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերն են քննարկում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչն ու Լաուրա Սիմոնյանը:

Հանդիպումների ընթացքում Հայաստանում գենդերային քաղաքականության վերաբերյալ հնչած տեսակետներն ու առաջարկները տեղ են գտնելու պատրաստվելիք զեկույցում:

Փետրվարի 3-ին փորձագետների հետ Ազգային ժողովում հանդիպել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Էլինար Վարդանյանը եւ Իրինա Գասպարյանը:

Խմբակցության ներկայացուցիչները ժողովրդավարական գործընթացների առաջմղման հարցում ընդգծել են կանանց վճռորոշ դերն ու նշանակությունը: Անդրադարձ է եղել մեր երկրում հանրային ու քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման խոչընդոտներին, կին քաղաքական գործիչների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձեւավորման մարտահրավերներին:

Քննարկվել են խորհրդարանում, ինչպես նաեւ կուսակցության ու խմբակցության մակարդակում որոշումների կայացման գործընթացում կանանց ազդեցությանը վերաբերող հարցեր: Ընդգծվել են կանանց քաղաքական օրակարգի ձեւավորման խնդիրներն ու մարտահրավերները:

Leave a Comment