3 փետրվարի 2026 – 17:36 AMT
PanARMENIAN.Net – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արշակ սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգմանը, այդ փաստը որակել է որպես զարհուրելի:
«Արևմտյան կառույցները կորցրել են բարոյական իրավունքն այլևս մեզ որևէ հարցում դասեր տալու»,– ասել է Աշոտյանը։ժ, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա նշել է, որ ընտրություններն օրացուցային քաղաքական միջոցառումներ են, որոնք վաղ թե ուշ տեղի են ունենալու: Նա տարակուսանք է հայտնել, որ դրանց պատրաստվելուն զուգահեռ ուշադրության կենտրոնում չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի շուրջ ձևավորվող գեոպոլիտիկ սպառնալիքները, Առաքելական եկեղեցու պաշտպանությունն իշխանական հարձակումներից, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս հնչեցրած տեսակետներին՝ նա ողջունել է «քաղաքական հրադադարի» գաղափարը՝ նշելով, որ միևնույն ժամանակ շարունակում են հարձակումները ՀՀԿ-ի հասցեին:
«Քոչարյանն ասում էր, որ կողմ է քաղաքական հրադադարին, որի իմաստն այն է, որ պետք է դադարեն իրար հարվածել և կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Ընդունեցի այդ գնահատականը։ Սակայն տառացիորեն երեկ երկրորդ նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչը 40 րոպեի ընթացքում հանիրավի կպնում է Հանրապետականին»,– ասել է նա։
ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, երբ լինի, կհանրայնացվի։ Անդրադառնալով ընդդիմության հնարավոր միավորմանը՝ նա ընդգծել է դրա բարդությունը:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: