3 փետրվարի 2026 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը նախքան հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը պետք է ընդունի համապատասխան օրենսդրական կարգավորումներ՝ երկրի շահերը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ այս առաջարկը հնչեցրել է կարճ տեսանյութի տեսքով՝ առանց որևէ քննադատության, պետականամետ դիրքորոշմամբ, սակայն, ի պատասխան ստացել է «կեղտոտ բառապաշարով մեղադրանքներ»: Այդ մասին նա խոսել է ֆեյսբուքյան տեսանյութում:
Նրա մոտ հարց է առաջացել՝ արդյո՞ք նման գրառումներն իսկապես հայ օգտատերերի կողմից են արվել:
«Տեսանյութում որևէ քննադատություն չկար․ իշխանություններին չեմ քննադատել, ընդդիմությանը չեմ քննադտել, Թուրքիային, Ադրբեջանին չեմ քննադատել: Ընդամենը պետականամետ դիրքորոշում էր՝ առաջարկ և գործելու կոչ։ Սակայն դրանից հետո սոցիալական ցանցերում ինձ վրա հարձակվեցին տարբեր հայկական անուն ազգանուններով օգտահաշիվներ՝ կեղտոտ բառապաշարով ինձ մեղադրանքներ ուղղելով»,– նշել է Մարուքյանը։
Նա շեշտել է, որ նման արձագանքները, հատկապես հայկական անուններով օգտահաշիվների կողմից, լուրջ հարց են առաջացնում։ Մարուքյանը կասկած է հայտնել՝ արդյո՞ք նման գրառումները իսկապես հայ օգտատերերի կողմից են արվել, թե ներշնչված են այլ տեղից։
«Հարց է առաջանում. ովքե՞ր են այդ օգտատերերը։ Կարո՞ղ է ՀՀ-ում արդեն «արևմտյան Ադրբեջանի համայնք» կա, կամ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը պաշտպանող խմբեր: Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունն օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի»,– նշել է նա։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։