Նախարար․ Ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա

Նախարար․ Ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա

3 փետրվարի 2026 – 15:35 AMT

PanARMENIAN.Net – Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ արդեն կայացվել է կարևոր սկզբունքային որոշում․ կայանը լինելու է մոդուլային տիպի։

Նախարարի խոսքով՝ մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա, հայտնում է 1lurer.am-ը:

«Շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկներն այդ մասով, մասնավորապես, և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք: Մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Որպես այդպիսին, շատ շտապելու անհրաժեշտություն չունենք:

Կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանի սիստեմը, որպես այդպիսին, լայնորեն տարածված չի եղել նախկինում, և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը անում ենք»,– ասել է նա։

Խուդաթյանը նաև անդրադարձել է գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման գործընթացին։ Նրա խոսքով՝ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, իսկ երկրորդ փուլը թույլ կտա գործարկման ժամկետը երկարացնել ևս մեկ տասնամյակ։

Նախարարն ընդգծել է, որ այս պահին արդեն առկա են համապատասխան պայմանագրեր, և բոլոր գործողությունները իրականացվում են ըստ հաստատված ժամանակացույցի։

«Մենք գնում ենք հետևողականորեն երկարացման ուղղությամբ, և վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի, և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին»,– հավելել է նա։

2025-ի սեպտեմբերին Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։

«Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ»,–ասել է Փաշինյանը։

Leave a Comment