Ալբերտ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նորչյոպինգ» ֆուտբոլային ակումբի հետ

Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նորչյոպինգ» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ 19-ամյա եզրային հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը համալրել է թիմի շարքերը։ Ակումբը տեղեկացրել է, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Ալեքսանյանը տեղափոխվել է «Ուլլ-Կիսա» ակումբից՝ Նորվեգիայի 2-րդ դիվիզիոնից, որտեղ անցկացրել է տպավորիչ մրցաշրջան։ 2025 թվականին նա արձանագրել էր 25 միավոր արդյունավետության ցուցանիշ՝ դառնալով 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 

Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, սակայն 3 տարեկան հասակում տեղափոխվել է Նորվեգիա՝ ընտանիքի հետ։ Նրա հայրը հայ է, մայրը՝ լատվիացի, ինչը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

«Նորչյոպինգ» ակումբը վստահ է, որ Ալեքսանյանի ֆիզիկական տվյալներն ու խաղային ունակությունները կընդլայնեն թիմի մարտավարությունը, իսկ նրա շարունակական զարգացումը կնպաստի ակումբի հաջողությանը։

Leave a Comment