Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հայտնվել է դատարանում։ Կառույցի նախկին աշխատակից Աննա Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ համայնքային կազմակերպության՝ պահանջելով վճարել տարիներով կուտակված պարտքերն ու դրանց տուժանքները։ Այս մասին տեղեկանում ենք դատական ակտերի հրապարակման միասնական հարթակից։
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ա. Քյուրքչյանի նախագահությամբ, արդեն վարույթ է ընդունել հայցադիմումը և սկսել գործի քննությունը։
Հայցվորը պահանջում է բռնագանձել ընդհանուր առմամբ 4,105,530 դրամ։ Գումարի հիմնական մասը՝ 2,340,000 դրամը, չվճարված վերջնահաշվարկն է՝ չօգտագործված արձակուրդների փոխհատուցումը, որը գործատուն պարտավոր էր վճարել աշխատանքից ազատման պահին։ Սակայն ամենաուշագրավը հաշվարկված տուժանքի չափն է. վճարման ժամկետների խախտման հետևանքով կուտակվել է ևս 1,765,530 դրամ, ինչը կազմում է մայր գումարի գրեթե 75%-ը։
Դատարանի որոշման համաձայն՝ հայցադիմումը ներկայացվել է օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, և այն մերժելու կամ վերադարձնելու հիմքեր չկան։
Սա նշանակում է, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող և հանրությանը որպես «թաղումների բյուրո» հայտնի կառույցը ստիպված կլինի դատարանում հիմնավորել, թե ինչու ժամանակին չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները նախկին աշխատակցի առջև։ Գործի հետագա ընթացքը ցույց կտա՝ արդյոք համայնքային բյուջեից կբռնագանձվի այս խոշոր գումարը, թե կողմերը կգնան այլ հանգուցալուծման։