Հայաստանի համար առաջնահերթություն է 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը. ՏԿԵ նախարար

Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել-արտահանելու տեսանկյունից կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացած մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»,-ասաց նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ֆիքսվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել, սակայն ժամկետներ ու տեխնիկական լուծումների վերաբերյալ ամփոփիչ աշխատանքներ ներկա պահին չկան։

Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը՝ Խուդաթյանը հրաշալի համարեց այն՝ մանրամասնելով, որ անցած տարի Հայաստանը կայուն էլեկտրաէներգիա է մատակարարել Իրան, իսկ Իրանից ստացել է բնական գազ։

Այդուհանդերձ, Իրանի հետ ևս ՀՀ էներգետիկ ցանցը դեռևս միասնական չէ, այլ պարզապես միացված է, ինչը ևս կայունություն է հաղորդում երկու երկրների էներգետիկ համակարգերին։

Leave a Comment