Նոր ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային. նախարար

Նոր ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային. նախարար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ նոր ատոմակայանի կառուցման մասին կարևոր որոշում են ընդունել. «Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային: Շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկներն այդ մասով, մասնավորապես, և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք․ մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Շտապելու անհրաժեշտություն չունենք:

Կախված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանի սիստեմը, որպես այդպիսին, լայնորեն տարածված չի եղել նախկինում, և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը անում ենք»։

Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, Խուդաթյանն ասել է, որ  ծրագիր կա, որը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը. «Մենք գնում ենք հետևողական երկարացման ուղղությամբ, և վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի, և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին»,- ասել է նա։

Խուդաթյանի խոսքով՝ ապրիլից, մեծ հավանականությամբ, Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից․ «Բայց նաև, հաշվի առնելով այլ հզորությունների գոյությունը, որոնք օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ և պրոբլեմներ չեն առաջանա»:

Leave a Comment