Իրանը մտադիր չէ հարստացված ուրանի իր պաշարները դուրս բերել երկրի սահմաններից, սակայն որոշակի պայմաններում կարող է ուրանի հարստացումը 60-ից հասցնել 20%-ի, Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին:
«Պահեստավորված նյութերը Իրանից դուրս բերելու պատճառ չկա։ Եթե նրանք մտահոգված են, 60% հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%, բայց նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն դրա դիմաց», – Շամխանիի խոսքերը փոխանցում է Interfax-ը:
Նա ընդգծել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը «խաղաղ բնույթ է կրում»:
«Իրանը չի ձգտում միջուկային զենքի, չի ձգտելու միջուկային զենքի և երբեք չի կուտակելու միջուկային զենք, բայց մյուս կողմը դրա համար պետք է որոշակի գին վճարի», – նշել է նա:
Շամխանիի խոսքով՝ հարստացված ուրանի ծավալը մնում է անհայտ, «քանի որ պաշարների մի մասը գտնվում է փլատակներում, և դեռևս չկա այն հանելու նախաձեռնություն, քանի որ դա չափազանց վտանգավոր է»:
ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դադարեցնել միջուկային ծրագիրը: Միջազգային մամուլը հունվարի վերջին գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշռադատում է Իրանին նոր խոշոր հարվածի հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի սահմանափակման և բալիստիկ հրթիռների արտադրության վերաբերյալ նախնական քննարկումներն առաջընթացի չեն հանգեցրել:
Axios-ը, սակայն, փետրվարի 2-ին, հաղորդել էր, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունները փետրվարի 6-ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր գործարքը:
