Վարդևանյանը IRF Summit-ում բարձրաձայնել է գերիների, եկեղեցու դեմ ճնշումների, բռնի տեղահանվածների, Կարապետյանի կալանքի մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովում (IRF Summit 2026) բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների, Բաքվում պահվող գերիների և Հայաստանում եկեղեցու դեմ հետապնդումների մասին հարցերը, տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունից։

Նա, մասնավորապես, շեշտել է արցախցիների ճակատագիրը և խոսել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հայկական սրբավայրերը պղծելու մասին։

«Մինչև օրս Բաքվում ապօրինաբար պահվում են հայ քրիստոնյա գերիներ, որոնց անհապաղ վերադարձը հրատապ անհրաժեշտություն է»,- ընդգծել է նա։

Վարդևանյանը շեշտել է, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրությունը բարոյական պարտավորություն ունեն դադարեցնելու Հայաստանում իրականացվող զանգվածային ձերբակալությունները, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների ու բարերարների նկատմամբ հետապնդումների սրացումը, որոնց թվում է Կարապետյանը։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը, որը դատարանը հունվարի 17-ի նիստին անփոփոխ էր թողել:

Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։

Կարդացեք նաև՝

Արամ Վարդևանյանը Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում կխոսի Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների մասին

Leave a Comment