
Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ ուրանի հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%։
«Պահեստավորված (միջուկային – խմբ.) նյութերը Իրանից դուրս բերելու որևէ պատճառ չկա… Եթե Արևմուտքում անհանգստանում են, ապա 60% հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%, բայց նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն դրա դիմաց»,- ասել է Շամխանին՝ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «խաղաղ բնույթ» ունի։
«Իրանը չի ձգտում միջուկային զենքի, չի ձգտի միջուկային զենքի և երբեք չի կուտակի միջուկային զենք, սակայն մյուս կողմը դրա համար պետք է որոշակի գին վճարի»,- նշել է նա։
Շամխանիի խոսքով՝ հարստացված ուրանի ծավալը մնում է անհայտ, «քանի որ պաշարների մի մասը գտնվում է փլատակների տակ (հարվածները հասցվել էին ամռանը), և առայժմ չկա այն դուրս բերելու նախաձեռնություն, քանի որ դա չափազանց վտանգավոր է»։