Իսրայելի տարածքը Իրանի համար կդառնա օրինական թիրախ, եթե Միացյալ Նահանգները ագրեսիա իրականացնի Իրանի դեմ, քանի որ «նրանք մեկ ամբողջություն են»։ Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
«Իսրայելը և Ամերիկան երկու առանձին տարրեր չեն, նրանք մեկ ամբողջություն են»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պատասխան քայլեր կարող է ձեռնարկել Թեհրանը Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածի դեպքում։
«Եթե Ամերիկան հարված հասցնի, ապա Իսրայելը, բնականաբար, կներգրավվի, և մեր պատասխանը պետք է համաչափ լինի»,-ընդգծել է Շամխանին՝ հավելելով, որ արձագանքի մասշտաբը «կախված է նրանց գործողություններից և քայլերից»։