Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև: TruthSocial-ում Թրամփը հայտնել է, որ համաձայնության են եկել, ըստ որի՝ ԱՄՆ-ն կնվազեցնի մաքսատուրքերը 25 տոկոսից մինչև 18 տոկոս, իսկ Հնդկաստանը կգնի 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ։
ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան ինձ համար պատիվ էր խոսել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ։ Նա իմ լավագույն ընկերներից մեկն է և իր երկրի հզոր, հարգված առաջնորդը։ Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։ Նա համաձայնվեց դադարեցնել ռուսական նավթ գնելը և ավելի շատ նավթ գնել ԱՄՆ-ից և, հնարավոր է, Վենեսուելայից։ Սա կօգնի ավարտել Ուկրաինայում պատերազմը, որը ներկայումս շարունակվում է և ամեն շաբաթ հազարավոր կյանքեր է խլում։
Վարչապետ Մոդիի նկատմամբ բարեկամությունից և հարգանքից ելնելով, և նրա խնդրանքով, մենք անմիջապես համաձայնեցինք Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև առևտրային համաձայնագրի, որի համաձայն ԱՄՆ-ն կնվազեցնի փոխադարձ սակագները 25 տոկոսից մինչև 18 տոկոս։ Նրանք նաև կանցնեն ԱՄՆ-ի դեմ սակագների և ոչ սակագնային արգելքների լիակատար վերացմանը՝ մինչև զրո։
Վարչապետը նաև պարտավորվեց գնել ամերիկյան ապրանքներ շատ ավելի բարձր մակարդակով, այդ թվում՝ ավելի քան 500 միլիարդ դոլարի էներգետիկայի, տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի, ածուխի և շատ այլ ապրանքների տեսքով։ Մեր անհավանական հարաբերությունները Հնդկաստանի հետ ապագայում միայն կամրապնդվեն»:
