Պատմությունն առասպելամոլություն չէ․ Նժդեհ Հովսեփյան

Պատմությունն առասպելամոլություն չէ․ Նժդեհ Հովսեփյան

Քաղաքական վերլուծաբան, փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Դատարանը մերժեց Շահրամանյանի հայցն իմ ու ԿԳՄՍՆ-ի դեմ։ Այլ կերպ ասած՝ 9-րդ պատմության դասագրքում արձանագրվածը կեղծիք չէ, զրպարտություն չէ, վիրավորանք չէ։ Հանգամանք, որն արձանագրելու համար ամենևին էլ կարիք չկար դատական գործ բացել, հանրային կամ միջանձնային լարումներ սադրել։

Չեմ պատկերացնում որևէ նորմալ հայ մարդ, ում համար Արցախի աղետն անձնական ողբերգություն չէր։ Ո՞վ չէր երազի, որ ոչ այդ աղետը պատահեր, ոչ դրա մասին գրվեր, ոչ էլ այսօրվա վճիռը լիներ։ Բայց պատմությունն առասպելամոլություն չէ, ռազմահայրենասիրություն չէ, հեքաթ ու պաթոս չէ։ Այն իրողություն է՝ անողոք, հատու և պատասխանատվության կոչող։

Այսքան ժամանակ զերծ մնալով քաղաքական խոսույթից ու գնահատականներից՝ հուսամ, որ պատմագիտության, ձևակերպումների ու ոճային հարցերը կվերադառնան ակադեմիա, իսկ այս դատական զավեշտալի ու անախորժ էջը փակված կհամարվի»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել էր Սամվել Շահրամանյանի հայցը՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, որով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Leave a Comment