
Փետրվարի 2-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը՝ Պաշտպանության նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Պատվիրակությանը դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ծաղկեպսակի պաշտոնական արարողությունից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև հյուրերին ուղեկցել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ներկայացվել են թանգարանի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունները։ Հյուրերը կանգ են առել Հայոց ցեղասպանության հնդիկ ականատեսների և հայ որբերին փրկելու հնդիկ զինվորների ջանքերը ներկայացնող պաստառի առջև: Նման մի պատմության հերոս որբ երախայի Հրաչ Հնդկազատյան են կոչել՝ որպես երախտագիտության նշան:

Թանգարանում շրջայցի ավարտին գեներալ Չաուհանը գրառում է կատարել հուշամատյանում: Չաուհանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել հուշամեդալ: