Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր պայքարում հաղթանակ տարավ մադրիդյան դերբիում։ 2-1 հաշվով «Ռեալը» առավելության հասավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ։
Ակումբի կազմում առաջին գնդակը հեղինակել էր Վինիսիուս Ժունիորը։ Այս գոլը բրազիլացի հարձակվողի համար հատուկ նշանակություն ուներ, քանի որ նա ընդհատեց Լա լիգայում իր 120-օրյա գոլային երաշտը։
Խաղից անմիջապես հետո Վինիսիուսը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ հստակ ուղերձ հղելով երկրպագուներին և հանրությանը․
«Մինչև վերջ այս ակումբի հետ։ Միշտ «Ռեալ» Մադրիդ»,-գրել է Վինիսիուսը։
Հիշեցնենք, որ միջազգային մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում Վինիսիուս Ժունիորի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։